շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերում խնդիրները բազմազան են՝ սկսած սոցիալականից, մինչև անվտանգություն. ՄԻՊ

Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերում խնդիրները բազմազան են՝ սկսած սոցիալականից, մինչև անվտանգություն. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանն այցելել է Սյունիքի մարզի այն համայնքներ, որոնք դարձել են սահմանամերձ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին։ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այցի նպատակն է ունենալ հանդիպումներ սահմանամերձ գյուղերում, վաղն ևս այցը շարունակվելու է: Նա ընդգծեց, որ հարկավոր է հասկանալ այս սահմանամերձ գյուղերի խնդիրները և թե ինչպես կարող են դրանց լուծմանը նպաստել:

«Այցեր շատ ենք անում սահմանամերձ գյուղեր, բայց պատերազմից հետո սա առաջին այցն է սահմանամերձ Սյունիքի մարզ, արդեն սահմանամերձ դարձած մեր գյուղերը: Վաղը շարունակելու ենք այցերը Արավուս, Տեղ և մնացած գյուղեր։ Խնդիրները բազմազան են՝ սկսած գուղացիների սոցիալական հարցերից, մինչև անվտանգություն: Այս բոլոր հարցերը ՄԻՊ-ին էլ են առնչվում, մնացած մանրամասները  հնարավոր կլինի ասել այցի ավարտին»:

Դիտարկմանը՝ փաստացի այս գյուղերի բնակիչները գտնվում են թշնամու թիրախում, ՄԻՊ-ն ասաց, որ գյուղերը դարձել են սահմանամերձ, իրենք էլ հատուկ եկել են, որ ծանոթանան բոլոր խնդիրներին:

«Քանի որ այցի սկիզբն է, դժվարանում եմ որևէ տվյալ ասել, փաստ է՝ այստեղ սահմանագծման հետ կապված աշխատանքներ պետք է ընթանան, դրանք կարևոր են այն տեսանկյունից, որ դրա իրականացման հարցերը պետք է հստակ ու կանխատեսելի լինի նաև հանրության համար: Տարբեր գյուղերի բնակիչների մոտ կան անհանգստություններ՝ կապված արոտավայրերի, առանձին տների, մասնավոր հողատարածքների հետ, այդ ամենը պետք է հասկանալ, որովհետև սրանք նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ են։

Զինծառայողների խնդիրները ևս մեր կարևորագույն ուղղություններից է, մեզ հետ են նաև մասնագետները, որոնք զինծառայողների իրավունքներով են մասնագիտացված, և մենք պետք է հասկանանք՝ նրանք ինչ խնդիրներ ունեն, այդտեղ արդեն Պաշտպանության նախարարության ու ԳՇ-ի հետ աշխատանքներ պետք է տանենք, որ նպաստենք նաև նրանց խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Թաթոյանը:

 

  • Կիսվել: