շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուքիասյանը մարդ չի ծեծել և վեճի մասնակից չի եղել. փաստաբան (տեսանյութ)

Սուքիասյանը մարդ չի ծեծել և վեճի մասնակից չի եղել. փաստաբան (տեսանյութ)

Ոչ Ռոբերտ Սուքիասյանը, ոչ Արտաշեսը որևէ վիճաբանության և ծեծկռտուքի մասնակից չեն եղել: Այդ ամենը զրպարտություն է, հերյուրանք է, դասական սուտ մատնության օրինակ: Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը` մեկնաբանելով անընդհատ շրջանառության մեջ դրվող՝ Սուքիասյաններին առնչվող լուրերը:

 «Այն, որ Սուքիասյաններն այս հորինված պատմության հետ ոչ մի առնչություն չունեն, ակնհայտ է: Դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան: Այդ թվում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է այսպես ասած՝ «տուժողը» անվնաս, առանց որևէ բռնության հետքի կամ դրա մասին վկայող փաստի դուրս գալիս Ալրաղացի տարածքից:

Թեև սուտ մատնության հանցակազմը դժվար ապացուցվող հանցակազմ է, բայց այնուամենայնիվ հուսով եմ, որ քննչական մարմինը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները իրականությունը պարզելու համար, ինչի արդյունքում կհաստատվի, որ Ռոբերտ Սուքիասյանն ու Արտաշեսը որևէ առնչություն չունեն որևէ ծեծի, շորթման կամ ազատությունից ապօրինի զրկելու հետ, կապացուցվի նաև սուտ մատնության դեպքը:»,-ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, «Բուբու» մականանունով հայտնի Օնիկ Կարապետյանը, ով ներկայանում է որպես գործարար, հայտարարել է, թե իրեն ծեծի է ենթարկել Ռոբերտ Սուքիասյանը: Այս հայտարարությունից հետո Infoport.am-ի ձեռքի տակ տեսանյութ հայտնվեց, որում ակնհայտ երևում էր, որ Օնիկ Կարապետյանը առանց որևէ վնասվածքի դուրս է գալիս Սուքիասյանների տարածքից: Մեր հարցին, թե այդ դեպքում, ըստ իրեն, ինչու՞ է Օնիկ Կարապետյանը նման հաղորդում ներկայացրել, փաստաբան Միքայելյանն ավելացրեց, որ պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ վառ երևակայությունից մինչև Սուքիասյաններին անհարիր պատմությունների մեջ ներքաշելը, հավելելով, որ քննությունն ամեն ինչ կպարզի:

  • Կիսվել: