հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Սպանության փորձ Երևանում. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 27-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 01։40-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որով տեղեկացվել է, որ «ձախ ստորանրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ երիտասարդը:

 

Համաձայն բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ 27-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վիրավորում շնչափողի վնասումով, երկկողմանի պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է տուժողի հագուստը, զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ դեպքերի մատյանը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: