շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սնանկության դատարանի կալանավորված դատավորը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Սնանկության դատարանի կալանավորված դատավորը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է Նարինյանի՝ ինքնասպանության փորձի մասին տեղեկությունը։
 
«Դա անձի մասնավոր կյանքի գաղտնիության սկզբունքի պահպանության շրջանակներում է, և ես իրավասու չեմ որևէ տեղեկություն հայտնել։ Միայն կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալի առողջական վիճակը լավ է», - InfoPort.am-ին ասաց փաստաբանը։
 
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության կողմից Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով առաջադրված մեղադրանքին, Մհեր Հակոբյանն ասաց, որ Գևորգ Նարինյանը չի ընդունում մեղադրանքն ամբողջությամբ։
 
Նա հրաժարվեց մեղադրանքի և քրեական գործի մանրամասներ հայտնել՝ պատճառաբանելով, որ իր պաշտպանյալի կողմից չունի նման լիազորություն։
 
Նշենք սակայն, որ ըստ InfoPort-ի հավաստի տվյալների, այսօր ԱԱԾ-ն կհրապարակի դատավորներին առաջադրված մեղադրանքի մասին ամբողջական տեղեկություն:
 
Ըստ ԱԱԾ-ի աղբյուրի առաջադրված մեղադրանքները բավականին տպավորիչ են: Այսօր ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ոլորշեց կալանավորել Նարինյանին, և վերջինը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
 
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի հաղորդմամբ, ԱԱԾ-ում քննվող քրեական գործով դատավոր Նարինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։

  • Կիսվել: