երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Սինգապուրի արդարադատության նախարարի հետ քննարկվել են արդարադատության համակարգի լավագույն փորձի ներդրման հնարավորությունները

Սինգապուրի արդարադատության նախարարի հետ քննարկվել են արդարադատության համակարգի լավագույն փորձի ներդրման հնարավորությունները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար Էդվին Թոնգի հետ։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին և այս համատեքստում դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր մեխանիզմներին։
 
Սինգապուրի արդարադատության նախարարը կիսվել է իրենց արդարադատության համակարգի հաջողված փորձով, ներկայացրել է վերջին տասնամյակների ձեռքբերումները և կարևորել է օրենսդրության բարելավումն ու կայուն ինստիտուտների ստեղծումը, ինչպես նաև արդյունավետ միջոցների կիրառումը՝ գործերի քննության հստակ ժամկետների և հստակ կանոնների նախատեսումը։
 
Սինգապուրի արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են նախարարության ընդհանուր աշխատանքը՝ գործունեության ուղղությունները, դատական համակարգի կառուցվածքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
 
Սրբուհի Գալյանը ձեռք է բերել պայմանավորվածություն արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման ուղղությամբ։
 
Աշխատանքային այցը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
 
Պատվիրակության կազմում են արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Գոռ Հակոբյանը։

  • Կիսվել: