Շտապօգնության մեքենաներին պետք է զիջել. ոստիկանության տեսանյութը
Հայաստանում ամեն օր շտապօգնության ծառայություն միջինը ստացվում է 700 ահազանգ։ Իսկ ամեն մի ահազանգ մի կյանք է։
Շտապօգնության բուժանձնակազմի գերխնդիրն է արագ հասնել պացիենտին, առաջին բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխել բժշկական հաստատություն։
Անգամ օրվա ամենաթեժ ժամին, երբ կան մեքենաների հապաղումներ, հնարավոր է և պե՛տք է զիջել շտապօգնության մեքենաներին։
Սա վերաբերում է ոչ միայն շտապօգնության ծառայությանը։
Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է իջեցնեն արագությունը և զիջեն ճանապարհը` նշված, ինչպես նաև դրանով ուղեկցվող տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումն ապահովելու համար:
Կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենան անմիջապես կանգ առնել:
Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է կանգ առնեն և շարունակեն երթևեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո:
Սրանք ճանապարհային երթևեկության կանոններ են, որոնք պետք է խստագույնս պահպանել։
Պարեկային ծառայությունը հետևողական է և շարունակելու է հայտնաբերել այն վարորդներին, որոնք չեն զիջում կապույտ կամ կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ միացրած մեքենաներին։
Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամով:
Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները»։