երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շմայսին ու այլ անձանց ոչ թե քրեական հեղինակություն է զանգել, այլ ՔԿՀ-ներից մեկում գտնվող դատապարտյալ (տեսանյութ)

Շմայսին ու այլ անձանց ոչ թե քրեական հեղինակություն է զանգել, այլ ՔԿՀ-ներից մեկում գտնվող դատապարտյալ (տեսանյութ)

Համացանցում արդեն տևական ժամանակ է, որ տեսանյութեր են տարածվում, որտեղ «Զնդան» մականունով ներկայացող անձը տարբեր մարդկանց է զանգում, ինչ որ հրահանգներ տալիս։ Նա զանգեր է կատարել նաև նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, նրանից հետաքրքրվել որդու դատական գործից։ Վերջինս ներկայացել է որպես քրեական հեղինակություն, ով գտնվում է Ռուսաստանում։

Մյուս տեսանյութում հայտնի բժշկի են զանգահարում, ասում են, որ դաշնամուրի ստեղները ոսկուց են ու պետք է Դուբայից Սայիդը գա ու 6 հազար դոլարով վաճառեն։ Սակայն այս տեսանյութում բժշկի դեմքը երևում է և ստիպում են, որ այն հեռացնեն համացանցից։ Սակայն նույն անձի հետ կապված մեկ այլ տեսանյութ են հրապարակել, որում վերջինիս հրահանգում են դաշնամուրի նույն ստեղնը 36 անգամ սեղմել ու կրկնել «ոսկի-ոսկի, արի-արի»։

ArmDaily.am-ի տեղեկություններով զանգեր կատարողը դատապարտյալ Սպարտակ Դանիելյանն է։ Նշենք, որ Սպարտակ Դանիելյանի անունը հայտնի դարձավ 2015թ. նոյեմբերին, երբ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ։

Դանիելյանը մի քանի անգամ հենց կալանավայրում դատապարտվել է խարդախության, անծանոթներից գումարներ շորթելու համար ու մոտ 23 տարի պետք է գտնվի անազատության մեջ։

ArmDaily.am-ը դիմել էր նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն, պարզելու՝ արդյոք նման տեղեկություններ ունե՞ն և Դանիելյանի քայլերին իրավական գնահատական տրվել է, թե՝ ոչ։ Մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվում են նախատեսված և չնախատեսված խուզարկություններ, որոնց ընթացքում տարբեր տիպի արգելված իրեր են հայտնաբերվում, այդ թվում նաև հեռախոսներ։ Դրանց հիման վրա նախապատրաստվում են նյութեր։ Ձեր նշված տեսանյութերի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, բայց նախկինում հնարավոր է, որ նրա մասով ևս գործընթացներ իրականացված լինեն»։

 

  • Կիսվել: