շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Շիշ բռնող» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. քննիչը տուժող է ճանաչվել

«Շիշ բռնող» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. քննիչը տուժող է ճանաչվել

«Շիշ բռնող» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսայի՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և ՔԿ քննիչի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով քննիչը ճանաչվել է տուժող, երկու հոգու մեղադրանք է առաջադրվել։

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Սարալանջի փողոցում 2020թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Քրեական գործով քննիչը ճանաչվել է տուժող, նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան Շատվորյանը, որը նաեւ հայտնի «Շիշ բռնող», ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսան է, Սարալանջի փողոցում ծեծել է ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։ Մասնավորապես՝ քննիչը ավտոմեքենայի անսարքության պատճառով փորձել է հեռացնել այն ճանապարհի երթևեկելի մասից, ինչը դուր չի եկել Շատվորյանին ու բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի՝ 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված՝ ասելով, թե, իբր, դիրքերից են իջել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանության համար, որն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Ընդ որում, միջադեպի ժամանակ Շատվորյանը համարվել է զորակոչված՝ ծառայության, բայց մեքենայով ու այլ անձանց ուղեկցությամբ իրականում շրջել է Երեւանում։ Նախաքննական մարմինը չի մանրամասնում, թե ովքեր են մեղադրյալները եւ ինչ կարգավիճակ ունի հայտնի շիշ բռնողի փեսան, ումից սկսվել է միջադեպը։

  • Կիսվել: