չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով

Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով

2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով։

Գործը 7 տարի է` դատարանում քննվում է, այդ ընթացքում  մի քանի դատավոր ու դատախազ է փոխվել, այժմ նախագահող դատավորը Մեսրոպ Մակյանն է։

Գործով անցնող 20 ամբաստանյալի համար դատախազը պահանջել է ազատազրկում` 10-16 տարի ժամկետով։

Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ ԱԱԾ-ում իրենց բռնության են ենթարկել` փորձելով ինչ-որ բաներ կորզել։

Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի համար դատախազը պահանջել է 16 տարի ազատազրկում, իսկ Վահան Շիրխանյանի համար` 13 տարի ազատազրկում։ 

Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ չի կարող պատժի խստության հարց քննարկել, քանի որ իր պաշտպանյալն ասում է, որ ինքը անմեղ է.«Ինչ վերաբերում է մեղադրող դատախազի ճառին, ապա ես չտեսա ոչ մի տող, որտեղ պատճառաբանված կլիներ այս կամ այն ամբաստանյալի պատժի վերաբերյալ միջնորդությունը, չտեսա, թե դատախազը ինչ հանգամանքներ է հաշվի առել»: 

Ինչ վերաբերում է Շիրխանյանի առողջական վիճակին` այն շարունակում է մնալ ոչ բարվոք։

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել էր ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ դրան մասնակցելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:

  • Կիսվել: