երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Շենգավիթի ՔՊ-ական թաղապետին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում

Շենգավիթի ՔՊ-ական թաղապետին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում

Հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ՔՊ–ական ղեկավարի, նրա տեղակալի և օգնականի կողմից թաղապետարանի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով, հայտնում է news.am-ը։

Քրեական օրենսգրքով նախատեսված այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Քրեական գործը հարուցվել է ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժնում և նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել Քննչական կոմիտե։

Ենթադրյալ բռնության ենթարկված համակարգչային տեխնիկայի օպերատոր–գործավար Գևորգ Պողոսյանը գործով ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Պողոսյանը հունիսի 18–ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել և հայտնել, որ հունիսի 15–ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակում վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, նրա տեղակալ Համլետ Գրիգորյանը և օգնական Անդրանիկ Մինասյանը ստիպել են իրեն աշխատանքից ազատման դիմում գրի, սակայն իր կողմից մերժում ստանալուց հետո Ռազմիկ Մկրտչյանը քաշքշել է իր հագուստից և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ապա երեքով ծեծի են ենթարկել իրեն, քաշել ու վայր են գցել հատակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

  • Կիսվել: