հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
«Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

«Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որոնք հանգեցրել են առանձնապես խոշոր չափերով գույքի՝ շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցների չհայտարարագրմանը, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
 
Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2020 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում թաքցրել է այլ անձի անվամբ բանկում ավանդադրված, սակայն փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները՝ 11 մլն ՀՀ դրամը։ Բացի այդ, 2020 թվականին տվյալ պաշտոնյայի գույքն ավելացել է շուրջ 14 մլն ՀՀ դրամով, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։
 
Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել նաև 2024 թվականի մարտի 29-ին ներկայացրած՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում: Մասնավորապես՝ վերջինս որպես ստացված եկամուտ է հայտարարագրել միայն աշխատավարձը, այնինչ բանկում դարձյալ այլ անձի անվամբ 2023 թվականին ավանդադրել է 23 մլն ՀՀ դրամ, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:
 
Վերը նշված արարքների համար «Սևան» ՔԿՀ պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 443-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
 
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

  • Կիսվել: