կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սերժ Սարգսյանն ու Վաչագան Ղազարյանն առերեսվել են․ Ղազարյանը ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ

Սերժ Սարգսյանն ու Վաչագան Ղազարյանն առերեսվել են․ Ղազարյանը ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք է տվել նրա դեմ։ Սարգսյանն ու Ղազարյանն առերեսվել են։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor.am-ի աղբյուրները։

Առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ: Ուստի՝ կարելի է եզրակացնել, որ գործով ցուցմունք է տվել նաև Սերժ Սարգսյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ղազարյանն առերեսվել է նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող գործը վերաբերում է պետությանը պատկանող, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքը առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերելուն։ Ղազարյանն արդեն երեք ամսից ավելի է՝ այս գործով մեղադրյալ է և գտնվում է կալանքի տակ։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է ուսումնասիրության, որի արդյունքում 2022 թվականի մայիսի 31–ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում։

Դրանով Դատախազությունը պահանջում էր Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել օրինական եկամուտներով չհիմնավորվող շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։ Դատախազությունը հայտնել է, որ օգոստոսի 22–ին Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից դատախազություն է ներկայացվել հայցապահանջը մասնակի ընդունելու և հայցապահանջում ներառված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։

Նույն օրը Դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով։ Դատարանը հաստատել է Ղազարյանի, նրան փոխկապակցված անձանց և Դատախազության միջև կնքած հաշտության համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության սեփականությանը կփոխանցվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքը։ Իրավապահ կառույցներում Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ղազարյանն առաջիկայում պետք է ազատ արձակվեր, սակայն ազատ չի արձակվել․ չի բացառվում, որ իրավապահները նրանից դեռևս այլ ակնկալիքներ ունեն՝ գույքի կամ ցուցմունքի տեսքով։

Հիշեցնենք, որ սա Ղազարյանի վերաբերյալ առաջին գործը չէ։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 2018-ին Վաչագան Ղազարյանին և կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով։ 2019-ի փետրվարին Դատախազությունը հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է, որից հետո նրա և կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ 2020 թվականի սեպտեմբերին կրկին հայտնի դարձավ, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ օգտագործելու մեջ․ ըստ այս գործի՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցը ծառայության չէր ներկայացնել և փոխարենն աշխատել էր որպես Ղազարյանի կնոջ և տան վարորդ։

Այս անգամ ևս Ղազարյանը հատուցել էր պատճառված ենթադրյալ վնասը՝ 9.340.677 դրամ։ Այս ժամանակ Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանը հայտնել էր, որ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունում, պարզապես վճարել է գումարը, որպեսզի իրեն հանգիստ թողնեն։ ՀՔԾ-ն, սակայն, Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չէր դադարեցրել։ Դրանից որոշ ժամանակ անց դատարանը կառույցին պարտավորեցրել էր դադարեցնել հետապնդումը

  • Կիսվել: