հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այն հետաձգվեց երրորդ նախագահի առողջական խնդիրներ ունենալու պատճառով նիստին ներկա չլինելու հետևանքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան վերջինիս առողջական վիճակում արձանագրվել է վատթարացում, նա ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել են սուր շնչառական խնդրներ: Այս պահին առողջական խնդիրները պահպանվում են: Նրան ցուցված է տնային ռեժիմ: Կա բժշկի համապատասխան ցուցումը փաստող փաստաթուղթ:

Մեղադրանքի կողմն էլ նշեց, թե բժշկական փաստաթղթում նշված չէ այնպիսի ախտանիշների մասին, որոնք անձին կարող են զրկել դատական նիստին ներկայանալու հնարավորությունից:

«Ինձ մոտ հարց է առաջանում, թե ամբաստանյալի առողջական վիճակն ինչպիսին է։ Հիմա այդ բժշկական փաստաթղթից պարզ չէ, թե ամբաստանյալը հնարավորություն ունեցե՞լ է նիստին մասնակցելու, թե չի ունեցել։ Սա շատ էական նշանակություն ունի՝ այս բարձրացված հարցը, ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և խափանման միջոցի հանգամանքին անդրադառնալու առումով։ Այսպես նիստերը ձգձգելով կխախտվի ողջամիտ քննելու ժամկետը»,– ասաց մեղադրող դատախազը:

Չնայած մեղադրանքի կողմի այս դիրքորոշմանը՝ դատարանը Սերժ Սարգսյանի բացակայությունը համարեց հարգելի և դատական նիստը հետաձգվեց․ այն տեղի կունենա հոկտեմբերի 22-ին

  • Կիսվել: