ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սերգո Կարապետյանի ցուցմունքների վերաբերյալ մեր հիմնավորումները սյուրպրիզ կներկայացնեմ, թող սպասեն անակնկալների. Մակինյան

Սերգո Կարապետյանի ցուցմունքների վերաբերյալ մեր հիմնավորումները սյուրպրիզ կներկայացնեմ, թող սպասեն անակնկալների. Մակինյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:

Երրորդ նախագահի եւ ՛՛Ֆլեշ՛՛ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ այն ռիսկը, իբրեւ թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է թաքնվել, բացի ծիծաղից իր մոտ նաեւ զայրույթ է առաջացնում։ 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանում կա՞ մի ողջամիտ մարդ, որ մտածում է՝ ՀՀ երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, դա ծաղր է։

Այս միջնորդությունը բացի իրավական լինելուց, կոնկրետ ինձ համար նաեւ բարոյական կողմ ունի. պետք է վերացվի, որովհետեւ չկա թաքնվելու ռիսկ՛՛։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի դեմ՝ պաշտպանը պատասխանեց, որ Սերգո Կարապետյանն այս քրեական գործով մի քանի անգամ է ցուցմունք տվել. ՛՛Դրա հիմնավորումները սյուրպրիզ կներկայացնեմ հետո, թող սպասեն անակնկալների։ Եթե չեմ սխալվում, Սերգո Կարապետյանը 2 կամ ավելի անգամ ցուցմունքներ է տվել եւ հաստատել է այն, որ ընդհանրապես այս ծրագիրը իրականացվել է ճիշտ եւ ծրագիրը ՛՛Ֆլեշ՛՛ ՍՊ ընկերությանը հանձնելը եղել է շատ ճիշտ, որը մենք հիմա պնդում ենք։

Մեկ էլ մի օր Սերգո Կարապետյանը դիմում է գրում վարույթն իրականացնող մարմնին, թե ձեզ բան ունեմ ասելու։ Այդ ընթացքում ոչ մի դատավարական իրադարձություն տեղի չի ունենում, բայց Սերգո Կարապետյանը մտածում-մտածում ու դիմում է գրում ու իր նախկին ցուցմունքներին էապես հակասող ցուցմունք է տալիս։ Ես այդ հարցի պատասխանը գիտեմ, դա դատարանում այդ օրը, այդ ժամին ես փաստով կներկայացնեմ՛՛։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: