հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սեպտեմբերյան ագրեսիայից առաջ ադրբեջանցի զինծառայողները տարբեր մեթոդներով ահաբեկել են Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին. ՄԻՊ

Սեպտեմբերյան ագրեսիայից առաջ ադրբեջանցի զինծառայողները տարբեր մեթոդներով ահաբեկել են Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին. ՄԻՊ

ՄԻՊ-ի փաստահավաք առաքելության կողմից հիմնավորվել է, որ Ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչությանն ահաբեկման ու վնասման գործողությունները, էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողությունները, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հող նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորվել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ  հուլիս-օգոստոս ամիսներին Տավուշի ու Գեղարքունիքի մարզում  փաստահավաք առաքելություններ իրականացնելու ժամանակ արձանագրել են  հոգեբանական ճնշման և վնասարարության կոնկրետ օրինակներ, որի մասին նույնպես առանձին զեկույց կհրապարակեն:

«Գիշերվա ժամերին իրենց դիրքերից ուժեղ լույսեր են գցում բնակելի տների պատուհաններից ներս: Շատ համայնքներում ենք արձանագրել, երբ իրենց բարձրադիր դիրքերից անիվներ են այրում և բաց են թողնում դեպի գյուղեր՝ շատ դեպքերում թիրախավորելով և այրելով հավաքած խոտը, իսկ նման տարածքներում մարդկանց միակ ապրուստը հենց անասնապահությունն է: Գողանում են մարդկանց ընտանի կենդանիներին կամ բարձրախոսներով հնչեցնում են սպառնալիքներ իրենց դաշտերում աշխատող հայ խաղաղ բնակիչների նկատմամբ: Սրանք չէին կարող լինել պատահականություններ, դա ձեռագիր է և հրամանատարական մի կետից կառավարվող կոնկրետ գործողությունների շարք»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ սա ուղղակի շարունակական հոգեբանական ահաբեկման օրինակ է: Սրանք կրկնվող դեպքեր են և հիմք են տալիս պնդելու, որ նրանց  քաղաքականության նպատակը այդ գյուղերի հայաթափումն է, որ մարդիկ վախից ստիպված դուրս գան իրենց համայնքներից: Իսկ սեպտեմբերյան հարձակումը ցույց տվեց, որ նման վարքագիծը հող էր նախապատրաստում Հայաստանի սահմանի գրեթե ամբողջ երկայնքով  ագրեսիվ պատերազմ սկսելու համար:

Գրիգորյանն ընդգծեց, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ դրանք կառավարվող են և կոնկրետ մեկ-երկու դիրքի զինծառայողի քմահաճությունները չեն:

  • Կիսվել: