ՍԴ որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների գույքերը չեն կարող բռնագանձվել. Արամ Օրբելյան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը հակասահմանադրական է նաև այն պատճառով, որովհետև ինքը ունի խտրականություն, էյջիզմ՝ տարիքից կախված խտրականության է ենթարկում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Արամ Օրբելյանը:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, նա նշեց. «Եթե մենք խոսենք ինչ-որ մեկի մասին, ով 50-60 տարեկան է և իր հիմնական գործունեությունը իրականացրել է 80-ականներին և 90-ականներին, համոզված եղեք, որ, այդ թվականներին ձեռք բերված Մաշտոցի պողոտայի երեք սենյականոց բոլոր բնակարանների սեփականատերերը չունեն ապացույցներ, որ այդ գույքը ձեռք են բերել օրինական փողերով։ 90-ականներին ապրած բոլոր մարդիկ ինքնին պետք է մահացած լինեին դատախազության ստանդարտով։ Ասում է՝ դու ստացել ես այսքան աշխատավարձ, նվազագույն զամբյուղը հաշվում է, պարտք ես մնացել: Ուղղակիորեն պիտի մահացած լինեինք բոլորս: Ակնհայտ է չէ, որ օբյեկտիվ իրականության մեջ մահացած չենք, կենդանի ենք բոլորս, նշանակում է ինչ-որ ձև ապրել ենք, կամ ազգը ամբողջությամբ ապօրինի է, կամ իրականում օրենքն է սխալ: Ես ավելի հակված եմ երկրորդին:
Ես գտնում եմ, որ ՍԴ որոշումից անկախ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա է բոլոր հիմնավորումները: Ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ առկա է բոլոր հիմնավորումները, որևէ անձ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չէ դատական գործընթաց անցնի և ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը:
Բոլոր երկրները, որոնք դա արել են, ունեցել են կորուստներ, ոչ թե աճ: Բոլոր քաղաքացիները, որոնք ակնկալել են, որ այս գործընթացի արդյունքում իրենց բարեկեցությունը պետք է լավանա, իրականում վատացել են, այդ բոլոր մարդիկ էլի լավ են, մնացել են, մնացածինը վատացել է: Դրա համար, բոլոր գործերով, այդ թվում նաև երկրորդ նախագահի գործով, միջնորդելու եմ, որ ըստ էության մերժվեն հայցադիմումները»,-ասաց նա: