ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը հետապնդում է հասարակության կողմից անընդունելի որոշ նախագծերի կյանքի կոչման նպատակ. Պետրոսյան

ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը հետապնդում է հասարակության կողմից անընդունելի որոշ նախագծերի կյանքի կոչման նպատակ. Պետրոսյան

Սահմանադրական փոփոխություններից առաջ պետք է հայեցակարգ ներկայացնել այն մասին, թե այդ փոփոխություններն ու՛ր են տանելու պետությունը, փոփոխությունները թիրախ, հստակ ուղղվածություն ու նպատակ պետք է ունենան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը քաղաքական խորհրդի որոշմամբ քվեարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցելու օգտին:

Ըստ Պետրոսյանի՝ սահմանադիական փոփոխություններն իրավական տեսանկյունից խոցելի են, որովհետև օրենքի բազմաթիվ դրույթներ անտեսվել են: Պատգամավորը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունից Միքայել Մելքումյանը հենց քննարկման ժամանակ տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ-ից ստացվել է համազեկուցողների կոշտ հայտարարությունը, որով առաջարկվում էր իրենց ուղարկել նախագիծը՝ եզրակացության համար, սակայն նախագիծը չուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, ինչպես նաև մերժվեց Մելքումյանի առաջարկը՝ չշտապել և առողջ համագործակցությամբ օրական 24 ժամ աշխատել ու քննարկել նախագիծը:

«Իշխանությունը հրատապ ռեժիմով անցկացրեց նիստը, և այսքանից հետո մենք հիմք չունեինք կողմ քվեարկելու, քանի որ եթե որևէ գործընթացի օրինականությունը վիճելի է, մենքն չենք մասնակցում»,-ասաց նա:

Պետրոսյանը նշեց նաև, որ իշխանությունները հայտարարում են, թե ՍԴ խնդիրն ունի քաղաքական բովանդակություն. «Վայ էն պետությանը, որի ՍԴ-ն ձևավորվում և գործում է քաղաքական շարժառիթներից ու շահերից ելնելով, իսկ քաղաքական շարժառիթներով գործընթացին մեր մասնակցությունն անիմաստ է»:

Պատգամավորի խոսքով՝ արդարադատության համակարգը գովելի վիճակում չէ, սակայն իրենք հորդորել են դիմել միջազգային հեղինակավոր կառույցների, ամեն ինչ անել օրինականության սահմաններում, սակայն այպես չի արվել, ուստի և չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

«Իշխանությունների շտապողականությունը ծնում է կասկածներ այն մասին, որ ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը հետապնդում է որոշ այնպիսի նախագծերի կյանքի կոչման նպատակ, որոնց հասարակությունը դեմ է, և որոնք առանց ՍԴ-ի չեն կարող լինել»,-ասաց Պետրոսյանը և հստակեցրեց, որ օրինակներից մեկը, որ նկատի ունի, Ստամբուլյան կոնվենցիան է:

«Դատական համակարգը անխոցելի, անխախտ է պետք պահել, իշխանությունից կախյալ դատարանն օրինական, հիմնավորված որոշումներ չի կարող ընդունել»,-նշեց նա:

  • Կիսվել: