Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը. Վարդևանյան
Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը: Այս մասին քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի մոտ հայտարարեց պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը:
«Եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Մեր ակնկալիքի նշաձողը բավականին ցածր է, մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև կլինի միամտություն կարծել, որ մենք դա կարող ենք ունենալ այսօրվա պայմաններում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։


