կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանադրական դատարանը մերժել է կալանավորված նախկին դատավորի դիմումներից մեկի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է կալանավորված նախկին դատավորի դիմումներից մեկի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է Երևան քաղաքի նախկին դատավոր, ներկայումս կալանավորված Արուսյակ Ալեքսանյանի դիմումներից մեկի հիման վրա գործի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք՝ ուսումնասիրելով ՍԴ-ի նոյեմբերի 10-ի աշխատակարգային որոշումը:

Նախկին դատավորը դեռևս հոկտեմբերի 3-ին ՍԴ-ին ուղղված դիմումով խնդրել էր Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ տվյալ իրավանորմի ուժով առաջին ատյանի դատարանը պարտավոր է դատաքննության ցանկացած, այդ թվում՝ նախնական դատալսումների ենթափուլում քննության առնել ու լուծել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին ինչ հարց է քննարկվում: Մասնավորապես ըստ դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատարանի համար չի նախատեսում որևէ պարտականություն՝ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո՝ մինչև կալանքի ժամկետը լրանալը, քննության առնել ու լուծել կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը: Դիմողի պնդմամբ՝ նախնական կամ հիմնական դատալսումների կարգը սահմանող դատավարական իրավակարգավորումներից որևէ մեկը դատարանին չի լիազորում ընդհատել նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում կատարման ենթակա ու օրենքով նախատեսված գործողությունները՝ կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը քննության առնելու ու լուծելու համար:

Դիմողն ընդգծել է, որ այս առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա է օրենսդրական բաց  կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգի հետ:

Ալեքսանյանն արձանագրել է, որ եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը չկիրառվեր Սահմանադրության 27-րդ հոդվածին առերևույթ հակասող մեկնաբանությամբ, ապա, 2023թ. հունվարի 18-ին իր նկատմամբ 3 ամիս ժամկետով կալանք կիրառվելուց հետո այլևս կալանքի ժամկետը չէր կարող երկարաձգվել, և ինքը պետք է ենթակա լիներ կալանքից ազատման:

Սահմանադրական դատարանը, սակայն մերժել է գործի քննությունը՝ դիմումն ակնհայտ անհիմն համարելով՝ արձանագրելով, որ դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:

«Դիմողը օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ձևականորեն է վիճարկում՝ իրականում բարձրացնելով այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդելով այլ նպատակներ»,-նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ գործը ներկայումս քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախկին դատավորը մեկ տարուց ավելի է կալանավորված է:

  • Կիսվել: