ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանադրական դատարանը կքննարկի իր իսկ հարցը․ «Ժողովուրդ»

Սահմանադրական դատարանը կքննարկի իր իսկ հարցը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այս տարի եւ հաջորդ տարվա առաջին ամիսներին մի քանի կարեւոր նախագծեր պետք է քննարկի եւ որոշի՝ դրանք համապատասխանում են սահմանադրականությանը, թե ոչ:

Նախ՝ դեկտեմբերի 25-ին գրավոր ընթացակարգով նախատեսված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Սակայն նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանն այս հարցով ՍԴ էր դիմել դեռ 2019 թվականի դեկտեմբերին, սակայն ՍԴ-ում տեղի ունեցող գործընթացները հետ գցեցին, դրա համար դիմումը քննարկվելու է ուղիղ մեկ տարի անց:

Իսկ դիմելու պատճառն էլ այն էր, որ օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ: Նա նկատել է՝ ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել եւ անհետեւանք մնալ դատարանի համար: Արդեն փետրվարին քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Նշենք, որ այս դիմումով ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին սահմանադրական փոփոխությունների գործընթացն առ ոչինչ համարել: Սահմանադրական դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը:

Այստեղ ուշագրավն այն է, որ հենց այս փոփոխությունների արդյունքում են այժմ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանն ու Երվանդ Խունդկարյանը զբաղեցնում ՍԴ անդամի պաշտոնը, իսկ Հրայր Թովմասյանն էլ նախագահից դարձել է շարքային անդամ: Ստացվում է՝ Սահմանադրական դատարանի անդամներից 9-ից 4-ը քննելու են մի դիմում, որն անմիջականորեն հենց իրենց է վերաբերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: