հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ ելնելով Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից՝ Սահմանադրության ընդունման 25-ամյակի առթիվ հայտարարված պետական և հավաստագրված ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների գիտական աշխատանքների մրցույթի հոդվածների ներկայացման վերջնաժամկետն երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 12-ի ներառյալ:

Մրցույթային աշխատանքները պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան տպված և ստորագրված մեկ օրինակով՝ նշելով հեղինակի և/կամ «հեղինակների» հասցեն ու կոնտակտային տվյալները (էլ-փոստ, հեռախոսահամար): Միաժամանակ, պայմանավորված համաճարակով՝ գիտական աշխատանքները կարող են ներկայացվել Սահմանադրական դատարան նաև առցանց՝ PDF ձևաչափով [email protected] էլ-փոստի միջոցով:

Տեղեկացնում ենք, որ արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման 25-րդ տարեդարձի օրը:

Հիշեցման կարգով ստորև տեղադրում ենք մրցույթի վերաբերյալ տեխնիկական տեղեկատվություն:

Մրցույթային թեմաներ են.

  • «Մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներն ու կառուցակարգերը»,
  • «Սահմանադրական կարգը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը»,
  • «Սահմանադրական արդարադատության հիմունքները»:

Աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • ներկայացվեն հայերեն, մինչև 12 էջ ծավալով,
  • պատրաստվեն A4 ձևաչափի թղթի վրա՝ միակողմանի տպված,
  • տարածքը՝ վերևից - 2 սմ, ներքևից - 2 սմ, ձախից - 2 սմ, աջից - 2 սմ,
  • տառատեսակը՝ GHEA Grapalat,
  • տողերի միջև հեռավորությունը՝ 1.5 սմ,
  • տառաչափը՝ 12,
  • հոդվածը կարող է ներկայացվել մեկ կամ երկու անձի կողմից՝ համահեղինակությամբ,
  • հոդվածի առաջին էջը պետք է ներառի հոդվածի վերնագիրը /ցանկալի է, որ վերնագրի առավելագույն երկարությունը չգերազանցի 10 բառը/, ամփոփումը՝ 5-10 նախադասություն, հոդվածի 5-10 հանգուցային բառեր և արտահայտություններ,
  • սկզբում տրվում են հոդվածի հեղինակի «հեղինակների» անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը և գիտական աստիճանը, Հեղինակի «հեղինակների» անունը, ազգանունը դրվում են թերթի մեջտեղում՝ հոդվածի վերնագրից առաջ, գլխատառ /հաստ/ Bold/, զբաղեցրած պաշտոնները, կոչումները և գիտական աստիճանները՝ փոքրատառ:

Յուրաքանչյուր խմբի (բակալավրներ, մագիստրանտներ, ասպիրանտներ) լավագույն աշխատանքների հեղինակներին կտրվեն պարգևավճարներ.

 

I տեղ՝ 75.000 դրամ – (3 աշխ.),

II տեղ՝ 50.000 դրամ - (3 աշխ.),

III տեղ՝ 25.000 դրամ - (3 աշխ.):

Յուրաքանչյուր խմբի լավագույն ճանաչված 5-ական աշխատանքները կհրապարակվեն Սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել 011-588-181 (140) հեռախոսահամարով:

 

 

  • Կիսվել: