Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպել է աշակերտների հետ
«2025 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի բարձր դասարանի աշակերտները: Այցի շրջանակներում դպրոցականները հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։
Սահմանադրական դատարանի նախագահն աշակերտներին ներկայացրել է Բարձր դատարանի կառուցվածքը և գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում Սահմանադրական դատարանի դերին, պատասխանել աշակերտներին հետաքրքրող մի շարք հարցերի։
Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ նման այցերը դրական ազդեցություն կունենան պատանիների քաղաքացիական կայացման և մասնագիտական կողմնորոշման վրա։ ՍԴ նախագահն ընդգծել է կրթության կենսական նշանակությունը՝ հայկական պետականության կառուցման և զարգացման գործում։


