հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սաֆարյանը զարմացել է քննիչի հարցերից. նա դիմում է վարչապետին

Սաֆարյանը զարմացել է քննիչի հարցերից. նա դիմում է վարչապետին

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջուիմ գրառում է արել, որով դիմել է վարչապետին, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին, ՔԿ պետին, գլխավոր դատախազին ևՀՔԾ պետին՝ նշելով, որ որպես տուժող հարցաքնության եմ կանչվել այս պահին ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով:

Սաֆարյանը, մասնավորապես, գրել է.

«ՀՀ վարչապետ պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին,
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ պարոն Արման Սարգսյանին,
ՀՀ Քննչական Կոմիտեի պետ պարոն Հայկ Գրիգորյանին,
ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին,
ՀՀ հատուկ քննչական ծառայություն պետ պարոն Սասուն Խաչատրյանին

Մեծարգո՛ պարոնայք,

Ս․թ․ մարտի 11-ին որպես տուժող հարցաքնության եմ կանչվել այս պահին ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով, որը վերաբերում է 2019թ․ սեպտեմբերի 6-ին իմ բնակարանի շքամուտքում իմ վրա կատարված ավազակային հարձակման ու կողոպուտի, ինչպես նաև՝ նույն օրը ստացված սպառնալիքների միացյալ գործերին։

Քննիչի կողմից ինձ ուղղված հարցերից տեղեկացել ու զարմացել եմ, որ իրեն փոխանցված քրեական գործի նյութերում բացակայում են այն տեսանյութերը, որոնք ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից դեպքի հաջորդ օրն ինձ ցույց են տրվել հանցագործների ինքնության ճանաչման նպատակով։

Հիշեցնեմ, որ հանցագործությունից հետո իմ կողմից նրանց 200-300 մետր հետապնդման արդյունքում հանցագործները փախուստի պահին տեսանկարահանվել էին։ Անձամբ ինձ ցույց են տրվել այդպիսի երկու տեսանյութ՝ հանցագործներն առջևից և կողքից, թեպետ բանավոր տեղեկացվել եմ, որ երրորդ տեսանյութն էլ նրանց ցուցադրում է հետևից։

Առայժմ ես ինքս ձեռնպահ կմնամ փոխանցված քրեական գործի նյութերում երեք տեսանյութերի բացակայությանը որևէ գնահատական տալուց, սակայն իմ իրավունքը և պարտականությունն եմ համարում դրա մասին ձեզ հրապարակավ տեղյակ պահելը՝ ակնկալելով լսել կա՛մ դրա իրավաչափությունը և օրինականությունը հաստատող, կա՛մ չհաստատող պատասխան, ինչպես նաև՝ պարզաբանում, թե ի՞նչ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ կարող է այն ունենալ։

Հարգանքով՝

Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ»։

 

  • Կիսվել: