չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սա քրեական վարույթ չէ, այլ զավեշտ է. Լևոն Քոչարյանի գործով փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում

Սա քրեական վարույթ չէ, այլ զավեշտ է. Լևոն Քոչարյանի գործով փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում

Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասն ներկայացրեց Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները։

«Սա քրեական վարույթ չէ, այլ զավեշտ է։ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, թե իբրև նա 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ մասնակցել է խաղաղ ցույցին, կարմիր բերետավորները, իբր, օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհները բացելու, և Լևոն Քոչարյանը հակադրվելով  նրանց՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել։ Ըստ այդ քրեական գործի, Լևոն Քոչարյանն, իբր, մինչև ավտմեքենան նստեցնելու պահը, երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության մեկ աշխատակցի ոտքին, այնուհետև, Քոչարյանը չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և նպատակ ունենալով խաթարել նրանց ծառայողական գործունեությունը, 2 անգամ  հարվածել է ոստիկանության ևս մեկ այլ աշխատակցի կրծքավանդակի ու ուսի հատվածներին։ Սա է մեղադրանքի բնորոշումը։ Այս մեղադրանքը բնորոշ է քրեական օրենսգրքի 452 հոդվածին», - ասաց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ գործով կա երկու տուժող և մեկ վկա. տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է։ Ես տեսանյութ կներկայացնեմ և այնտեղ հստակ կերևա, թե ով է Հրաչիկ Խաչատրյանը։ Ըստ մեղադրանքի, Հրաչիկ Խաչատրյանի ոտքերին է հարվածել Լևոն Քոչարյանը  մինչև ավտոմեքենա նստեցնելը։ Տեսանյութում դուք կտեսնեք, թե որտեղ է նա գտնվել և արդյո՞ք  Քոչարյանը  կարող էր հարվածել Հրաչիկ Խաչատրյանին։ Ունենք մի իրավիճակ, որ ես կաշկանդված եմ նախաքննության գաղտնիքով և, բնականաբար, չեմ կարող ասել, թե ոստիկանության աշխատողներն ինչ բնույթի ցուցմունքներ են տվել»։

  • Կիսվել: