ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուստամ Բադասյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ. ՊԵԿ-ը ներդրել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգ

Ռուստամ Բադասյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ. ՊԵԿ-ը ներդրել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգ

Հայաստանի սահմանային անցակետի արդիականացումը կարևոր նշանակություն ունի: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից ու տեղեկացնում, որ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում սահմանահատման գործընթացների թվայնացման ուղղությամբ:

«Կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին, որտեղ հոկտեմբերի 1-ից գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային նոր հարթակն ուղղված է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ու համակարգված աշխատանքների կազմակերպմանը: Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախագահին ներկայացրել են օրեր առաջ գործարկված համակարգի հնարավորություններն ու առավելությունները: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է առանց տնտեսվարողի գործունեությանը միջամտելու»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բեռնատար տրանսպորտային միջոցների սահմանահատման համար անհրաժեշտ  յուրաքանչյուր գործառույթի ավարտից հետո, ամբողջ տեղեկատվությունն անմիջապես մուտքագրվում է էլեկտրոնային հարթակ և տեսանելի դառնում գործընթացում ներգրավված աշխատակիցների համար:

ՊԵԿ ղեկավարն աշխատանքային այցի շրջանակում դիտարկել է սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման պայմանները:  Նա շրջել է անցակետի տարածքով, ծանոթացել է մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններով: Ռուստամ Բադասյանը հանձնարարել է շարունակել մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը, կարևորելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: