հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է թարգմանչի ներկայությունն ապահովելու համար

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է թարգմանչի ներկայությունն ապահովելու համար

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով առանցքային վկա՝ գործարար Սիլվա Համբարձումյանի բանկային քաղվածքը անգլերենից հայերեն թարգմանելուց հետո անունը վերածվել է թվերի:

Այս և թարգմանչական այլ խոտանների մասին դատական նիստին բարձրաձայնել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Դատարանն այսօր ուսումնասիրում էր Համբարձումյանի բանկային փոխանցումները, և թարգմանչական խնդիրներն ի հայտ են եկել հենց այդ ժամանակ: Ըստ դատախազի՝ եթե մեղադրանքի հիմքում դրված ապացույցն այս տեսքով հետազոտվի, հետագայում վիճարկելու է պաշտպանական կողմը՝ առնվազն անհասկանալի լինելու պատճառաբանությամբ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նկատել է՝ թարգմանիչը պատշաճ քրեադատավարական ընթացակարգով չի ներգրավվել, և կողմերը հնարավորություն չեն ունեցել ստուգելու նրա թեկնածությունը:

Նիստը հետաձգել է մեկ շաբաթով՝ թարգմանչի ներկայությունն ապահովելու համար:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար:

  • Կիսվել: