հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռեկտորի ընտրություններում իշխանության թեկնածուի ջախջախիչ պարտությունից հետո պետական ապարատը սկսեց գործադրել տոտալ ճնշումներ․ Բրյուսովի ռեկտորի խորհրդականը՝ իր դեմ քրգործի մասին

Ռեկտորի ընտրություններում իշխանության թեկնածուի ջախջախիչ պարտությունից հետո պետական ապարատը սկսեց գործադրել տոտալ ճնշումներ․ Բրյուսովի ռեկտորի խորհրդականը՝ իր դեմ քրգործի մասին

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Հարգելի՛ հայրենակիցներ, այն պահից սկսած, երբ մենք՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի վարչական և ակադեմիական կազմն ու ողջ ուսանողությունը, ձայն բարձրացրեցինք և սկսեցինք պայքարը մեր հարազատ բուհի փաստացի լուծարման դեմ, և վերջացրած համալսարանի ռեկտորի ընտրություններում իշխանության թեկնածուի ջախջախիչ պարտությամբ, պետական ապարատը սկսեց գործադրել տոտալ ճնշումներ՝ սկզբից տեղեկատվական տեռորի, իսկ հետո նաև կեղծ և շինծու քրեական գործերի, հորինված մեղադրանքի տեսքով: Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Իմ սկզբունքայնության, պայքարի և անցած ուղու մասին ավելի լավ, քան այս իշխանությունները, ոչ ոք չգիտի: Սակայն կարծում եմ նաև, որ նրանք քաջ պետք է գիտակցեն, որ պայքարելու այն կամքը, որն ունեցել եմ, ունեմ և կունենամ մինչև կյանքիս վերջը, այն միշտ բերել և բերելու է հաղթանակներ: Վստահ եղեք, որ իմ պայքարը հանուն արդարության շարունակվելու է անկախ իմ կարգավիճակից՝ որտեղ էլ, որ լինեմ: Պարզապես, հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որն այսօր ծառացել է պետության և ազգի առջև, առայժմ կսահմանափակվեմ այսքանով, որովհետև մենք բոլորս միասին այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել Թամրազյանին մեղադրանք առաջադրելու մասին։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին վերջինս, քաջատեղյակ լինելով, որ վերը նշված համալսարանի ռեկտորի ընտրություններով պայմանավորված, համալսարանի վարչական շենքում գտնվում են ինչպես այդ հաստատության բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձինք, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտակցելով, որ այդ պահին վարչական շենքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանվում է լրագրողների կողմից և հասանելի է հասարակության լայն շերտերի համար, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ Գ.Թ.-ն համալսարանի վարչական շենքում բարձրաձայն, բոլորի համար լսելի անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հասցեին' խափանելով մարդկանց անդորրն ու այդ պահին ընթացող հանրային միջոցառումը:

  • Կիսվել: