ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քրեորեն պատժելի է համարվելու ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ոչնչացնելը. նախագիծ

Քրեորեն պատժելի է համարվելու ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ոչնչացնելը. նախագիծ

Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները: Նիստի սկզբում քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը: ԱԺ-ն այնուհետև անցավ օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

Խորհրդարանն այնուհետ քննարկեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ թեև նախագծերը նպատակ ունեն խստացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաև ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները, սակայն դրանց սահմանման առաջնային նպատակն է կանխել նոր իրավախախտումների կատարումը, ներազդել ճանապարհից օգտվողների վարքագծի փոփոխությանը, բարձրացնել հանրային պատասխանատվությունը ճանապարհների օգտագործման պահպանման նկատմամբ:

«Վերոգրյալի համատեքստում նշված իրավավախտումների հանրային վտանգավորության աստիճանն աճել է: Ներկայումս մի շարք միջոցառումներ են իրականացվում ճանապարհային անվտանգության բարելավման և ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ, որոնց զգալի մասն ուղված է նաև ճանապարհային ենթակառուցվածքի, այդ թվում՝ ճանապարհային կահավորանքի, նշանների, արգելափակոցների վերականգմանը, համալրմանը, վթարավտանգ հատվածների վերացմանը»,- ասաց Ղալեչյանը՝ նշելով, որ ճանապարհների շահագործման ընթացքում արձանագրվում են նշանները հանելու, փակելու, անօրինական նշաններ տեղադրելու, ճանապարհային նշաններ գողանալու դեպքեր:

Նրա խոսքով՝ պետք է փոխել հանրային ընկալումը և պայքարել այնպիսի երևույթների դեմ, որոնք նախատեսված են վարչական իրավախախտումների քննարկվող նորմերով, ուստի նախագծով առաջարկվում է եռապատկել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վնասման, օգտվելու կարգի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները՝ ճանապարհներին, երկաթուղային գծանցներին, ճանապարհի ինժեներական կառույցներին վնասելու դեպքում նախատեսված 25-ապատիկից սահմանելով 75-ապատիկ, նույն արարքները, եթե դրանց հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, 30-ապատիկից սահմանել 90-ապատիկ, իսկ ճանապարհներից օգտվելու կարգի խախտման դեպքերում, ինչպիսիք են հողային առուները ոռոգման նպատակով օգտագործելը, կանաչ տնկիները վնասելը, աղտոտելը, նախատեսված 40-ապատիկից սահմանել 120-ապատիկ:

«Քրեորեն պատժելի են համարվելու նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները ոչնչացնելը, վնասելը, ապամոնտաժելը, երթևեկությունը վնասող նշաններ կամ այլ տեխնիկական միջոցներ ինքնակամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը, որոնք մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել են ծանր կամ միջին ծանրության վնաս»,- նշեց ՏԿԵ նախախարի տեղակալը:

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը և դրա շրջանակներում լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվում: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով թեմային, ասաց՝ տուգանքների թեման շատ կարևոր է:

«Երբ մեր գործընկերների հետ քննարկում ենք տարբեր իրավախախտումների վերաբերյալ տուգանքների չափերը, մեզ համար ամենակարևոր գործոնները հետևյալներն են, որ տնտեսվարողին, քաղաքացուն, անձին ձեռնտու չլինի տուգանքը վճարելն ու այդ գործունեությունը շարունակելը, այսինքն՝ տուգանքը պիտի լինի զսպող միջոց,- ընդգծեց պատգամավորը:   

  • Կիսվել: