երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քրեակատարողական համակարգում ավելի արագ տեմպերով պետք է անցում լինի պատժողական բնույթից վերականգնողական բնույթի․ Արման Թաթոյան

Քրեակատարողական համակարգում ավելի արագ տեմպերով պետք է անցում լինի պատժողական բնույթից վերականգնողական բնույթի․ Արման Թաթոյան

Քրեակատարողական համակարգում ավելի արագ տեմպերով պետք է անցում լինի պատժողական բնույթից վերականգնողական բնույթի։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 «Այսօր մեր քրեակատարողական համակարգը մեծ հաշվով մնում է պատժողական բնույթի։ Սրա մասին վկայում են մշտադիտարկումները։ Քրեակատարողական հիմնարկներում իրականում պետք է ներդրվի անձի նկատմամբ վստահության կանխավարկածի գաղափարը»,- նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այն պահից, երբ դատապարտյալը մուտք գործեց քրեակատարողական հիմնարկ, նրան պետք է սկսել նախապատրաստել ազատ արձակման։ Մարդու համար հստակ, կանխատեսելի պետք է լինի այն ճանապարհը, որով նա քայլելու է, և որը նրան տանելու է ազատման։

«2019 թվականի տվյալները վկայում են, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցի վերաբերյալ դիմում է ներկայացրել 1138 դատապարտյալ, և ազատվել է 212-ը, ընդամենը՝ 19 տոկոսը»,- նշեց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով կանանց իրավունքներին, նշեց, որ կան կարծրատիպեր, և պետք է ընդունել, որ կինը հավասար իրավատեր մարդ է։ Պաշտպանը նշեց, որ համամասնությունը, իհարկե, համեմատելի չէ, բայց ընտանիքում բռնության ենթարկվելու հետ կապված ահազանգեր ստանում են նաև տղամարդկանցից։ Ասաց՝ կանխարգելման միջոցառումները պետք է բոլորին վերաբերեն։

Թաթոյանն անդրադարձավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ ասելով, որ պետք է սկզբունքային մի շարք լուծումներ լինեն։ Օրինակ՝ նրանց պետք է ինքնուրույն անկախ կյանք վարելու հմտություններ սովորեցնել դեռ փոքրուց։

  • Կիսվել: