երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Քրեական գործ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ

Քրեական գործ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ և հնարավորինս աջակցել:

Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020թթ.ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ:

Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակվել է։

Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:

  • Կիսվել: