ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քրեական գործ՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը ապօրինաբար օտարվելու դեպքով

Քրեական գործ՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը ապօրինաբար օտարվելու դեպքով

ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ: Այդ մասին դիմումներ են ստացվել նաև մի քանի քաղաքացիներից: 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը և դիմումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:   

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով օրենսդրության և կառավարության համապատասխան որոշման պահանջները, 2010թ. սեպտեմբերի 16-ին հաստատել է բնակելի տների և սպասարկման օբյեկտների կառուցման նպատակով աճուրդով օտարվող Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի ¼ հասցեում գտնվող 782,3 քառակուսի մետր մակերեսով` հողամասը որպես հասարակական գործառական նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն 2006թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծով հանդիսանում է կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս: 

Այնուհետև նշված հատակագիծը ներկայացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանում, որի աշխատակիցները չեն կատարել լրացուցիչ ստուգումներ՝ պարզելու ներկայացված հատակագծում նշված հողամասի իրական նպատակային նշանակությունը: Նշված հասցեի կադաստրային ծածկագիրը փոփոխվել է մեկ այլ ծածկագրով և, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյան համայնքի անունով կազմվել և հանձնվել  է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ նշված հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակություն ունեցող հողատարածք:

2011թ. մարտի 25-ին Աբովյան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով աճուրդը կազմակերպող լիազորված մարմնի ղեկավար և աճուրդի կազմակերպիչ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, աճուրդի կազմակերպման գործընթացի իրականացումը հանձնարարել է օգնականին, իսկ վերջինս էլ  կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդ: Այսինքն «Հողային օրենսգրքի» 68, 69-րդ հոդվածների պահանջները ձևականորեն պահպանելով՝ իբրև թե աճուրդի հայտ ներկայացնելուն և անցկացմանը մասնակցել են մեկից ավելի անձինք: Այդ մասին կազմվել են կեղծ պաշտոնական պաստաթղթեր, մինչդեռ իրականում միայն շահագրգիռ անձի մասնակցությամբ և առանց երկրոդ անձի իրականացվել է աճուրդ, որի ընթացքում կեղծվել է նաև պաշտոնեական փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։ 

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝ զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ  անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն իրականացնելու և իրական  արժեքով այն օտարելու հնարավորությունից: Իսկ 3.539.125 դրամ կադաստրային արժեքով  զբոսայգու տարածքը օտարվել է 1.858.100 դրամով՝ արդյունքում համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։ 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դրան օժանդակելու և ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով, 38-314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 

Քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

  • Կիսվել: