չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա (տեսանյութ)

ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա (տեսանյութ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 33- ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ:

«Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ նրանք համատեղ բնակվում են Կոտայքի մարզի Գառնի գյուղի առանձնատներից մեկում, որտեղ էլ պատրաստում և համացանցի միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Ըստ տեղեկությունների` նրանց բնակության վայրում կար սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա և մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք:

Տեղեկությունը փոխանցվեց Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հոկտեմբերի 11-ին, համագործակցելով Կոտայքի ոստիկանության և քննչական բաժինների հետ, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Գառնի գյուղի նրանց բնակության վայրում: Հայտնաբերվեց մոտ 60 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, մոտ 8 գրամ մարիխուանա, մոտ 51 գրամ մեթամֆետամին, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ 23 տարա՝ լցված ընդհանուր մոտ 12 լիտր տարատեսակ քիմիական նյութերով և պրեկուրսորներով, ինչպես նաև թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված ապակե կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Նույն գործի շրջանակներում Գառնի գյուղի նույն տան մոտ ձերբակալվեց և իր «ԲՄՎ»-ով հանդերձ՝ ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց Երևանի 37-ամյա մի բնակիչ, որը բանավոր հայտարարեց, որ մեքենայում կա օդաճնշիչ ատրճանակ և մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը ձեռք էր բերել 33-ամյա բնակչուհուց:

Նույն որը խուզարկություն կատարվեց նաև Երևանի Ֆուչիկի փողոցում գտնվող 33-ամյա կնոջ մեկ այլ բնակության վայրում. հայտնաբերվեց մարիխուանա և զիպ փականով 187 տոպրակ՝ նախատեսված թմրամիջոցներ իրացնելու համար։

Ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց Ֆուչիկի փողոցի 28-ամյա մի բնակիչ:

Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: