Քոչարյանի վարքը քննել էթիկայի հանձնաժողովում․ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հեղինակել են ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծ։ Այն քննարկման ներկայացվեց այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ քննարկում են էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու հարցը։ Թագուհի Թովմասյանը նկատել էր՝ հետագայում նման հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա քննել ապագայում պատգամավորների կողմից թույլ տրված էթիկայի խախտումները, սակայն այն հետադարձ ուժ չի ունենալու, հետևաբար չի կարողանալու քննության առարկա դարձնել Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։
Նախագծի զեկուցող, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր նշեց՝ առաջարկում են, որ ժամանակավոր հանձնաժողովը կազմված լինի 5 անդամից։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը 2 ամիս է։
Թովմասյանը հիշեցրեց, որ օրեր առաջ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը «դեմ է» քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ լրագրողի նկատմամբ միջադեպի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն։
«Սա նշանակում է, որ ՔՊ-ն հովանավորում է այս վարքագիծը, հովանավորում է այս վարքագծի հետագա կրկնությունն ու հովանավորում է լրագրողների նկատմամբ նման վարմունքն ընդհանրապես։ Եթե լիներ դատապարտում, դա կլիներ հավաքական դատապարտում»,- ասավ Թովմասյանը՝ ընդգծելով, որ միայն հատուկենտ պատգամավորների կողմից են լսել խոսքեր, թե դատապարտում են կամ համաձայն չեն Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հետ։