շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քոչարյանի փաստաբանի ներկայացրած ապացույցը նույն պահին ուսումնասիրելու անհնարինության պատճառով դատական նիստը հետաձգվել է

Քոչարյանի փաստաբանի ներկայացրած ապացույցը նույն պահին ուսումնասիրելու անհնարինության պատճառով դատական նիստը հետաձգվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Որպես ևս մեկ ապացույց՝ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել 2021 թ. մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և, ըստ Ալումյանի, Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։

Ապացույցի հետազոտությունից հետո անհրաժեշտություն է առաջացել դիտարկել այդ ելույթի սփռվածությունը, ինչի հնարավորությունն այդ պահին դատարանում չի եղել՝ ինտերնետ կապի բացակայության պատճառով։

Այդ պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 16-ը՝ ժամը 10:30:

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

  • Կիսվել: