հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քոչարյանի պաշտպանները դիմել են ԱՆ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Մհեր Արղամանյանի նկատմամբ

Քոչարյանի պաշտպանները դիմել են ԱՆ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Մհեր Արղամանյանի նկատմամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով, PrimeNews.am-ին տեղեկացրեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:

Պաշտպանները Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի գործողություններն են վիճարկում, քանի որ վերջինը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ չի ներկայացրել, իսկ ինքնաբացարկ հայտնելու մասին ներկայացված միջնորդություններն էլ քննության առարկա չի դարձրել: Ավելին, Արղամանյանը անտեսել էր նաև փաստաբան Վարդևանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն ու դրա վերաբերյալ դատավարական որևէ գործողություն իր իրականացրել:

«Իմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ ես ստացել եմ նամակ պարոն Արղամանյանից, այն մասին, որ ինքն անդրադարձել է մյուս փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքներին, դրա համար իմ բողոքը քննության առարկա չի դարձնում: Բայց դատարաններն ու դատավարության կողմերը նամակներով չէ, որ պետք է շփվեն, այլ՝ դատավարական ակտերով: Եթե նույնիսկ նրա նամակը իրավական տրամաբանություն ունենար, ապա ամեն դեպքում դա պետք է դատավարական ակտով կայացվեր», -ասաց Վարդևանյանը:

Փաստաբանի պնդմամբ, Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը պետք է շատ արագ ինքնաբացարկ հայտներ և չքններ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը, քանի որ իր հետ փոխկապակցված անձը՝ որդին՝ Դավիթ Արղամանյանը, քաղաքականապես ակտիվ անձ է, սերտ առնչություն ունի իշխանական «Իմ քայլը» դաշինքի հետ, եղել է նույն դաշինքի պատգամավորական թեկնածուների թվում: Ավելին, Վարդևանյանն ասաց, որ դատավորի որդին մասնակցել է ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիաներին՝ պահանջելով ազատ չարձակել նախկին նախագահին:

«Ես հույս ունեմ Արդարադատության նախարարությունը ընթացք կտա մեր միջնորդությանը և կհարուցի կարգապահական վարույթ, որից հետո խնդրի պատասխանատուն լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: ԲԴԽ-ն չունի լիազորություն ինքնուրույն վարույթ հարուցել», -նշեց Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշումը, որով Դանիբեկյանը մերժել էր անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Փաստաբանների բողոքները մակագրվել էին դատավոր Մհեր Արղամանյանին, և փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին։ Բայց դատավորն ինքնակամ ինքնաբացարկ չէր հայտնել ու ոչ էլ քննարկել էր փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Սակայն դրա փոխարեն մերժել էր վերաքննիչ բողոքները։

  • Կիսվել: