Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը. Փաստաբանն ահազանգում է
Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00–ն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի փաստաբան լուսինե Մարտիրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին 11.04.2026թ-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցության կորուստ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։


