հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց հատել է կարմիր գիծը. դատախազն առաջարկում է քրեականացնել հանրային ծառայողին զրպարտելն ու վիրավորելը

Քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց հատել է կարմիր գիծը. դատախազն առաջարկում է քրեականացնել հանրային ծառայողին զրպարտելն ու վիրավորելը

Վերլուծելով 2020-ի ընթացքում մեր երկրում քրեական հետապնդման ոլորտի աշխատանքները, մթնոլորտը, հանցածին իրավիճակ ստեղծելու ռիսկերը՝ եկել եմ հետևության, որ գործուն քայլեր ձեռնարկելու խիստ անհրաժեշտություն կա, քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց հատել է կարմիր գիծը: Այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ընդգծելով, որ դրա համար ցանկանում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

«Մենք այսօր սոցցանցերում հաճախ ենք հանդիպում անորոշ հայհոյանք: Այնքանով, որքանով որ դա խուլիգանության հանցակազմի վերաբերյալ չարչրկված մեկնաբանությունների պայմաններում ոչ միշտ է տեղավորվում հանցակազմի որակման մեջ, մենք այս արարքի նկատմամբ որևէ հակադարձում չունենք: Այսինքն՝ մենք ունենք արարք, որը հակասում է մեր բարոյական կանոններին, էական բարոյական ազդեցություն է ունենում հանցածին վիճակի վրա, և դրան չունենք համապատասխան արձագանք:

Մենք հիմա չենք քննադատում շատ հաճախ, մենք ուղիղ խուլիգանական հայհոյանք ենք տալիս: Եվ սա չի կարող չունենալ համապատասխան հետևանքներ: Ինձ համար ամենացավալին այն է, որ սա բերում է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի նվազման»,- նշեց Դավթյանը:

Դատախազությունն այս մասով քրեականացման անհրաժեշտություն է տեսնում: 

«Ժամանակին քրեականացված են եղել ընդհանրապես վիրավորանքն ու զրպարտությունը: Մենք հիմա դրա մասնավոր հատվածն ենք ասում: Ասում ենք՝ հանրային ծառայողին զրպարտելն ու վիրավորելը՝ կապված իր ծառայության հետ, քրեականացնենք: Սա բավականին նեղ շրջանակ է: Ինչո՞ւ ենք սա առանձնացրել, սրանով ոչ թե կոնկրետ սուբյեկտն ենք ուզում պաշտպանել, այլ պետական ինստիտուտը, պետությունն ու հանրային ծառայությունն ենք ուզում պաշտպանել: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք՝ հանրային ծառայողները խուսափում են քաղաքացիական դատարաններ հայցեր ներկայացնելուց և իրենց խախտված իրավունքները վերականգնելուց: Ըստ էության մնում է բաց դաշտ»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանի խոսքով՝ ազատ խոսքը անքակտելի հիմնարար իրավունք է, ոչ ոք սա չի վիճարկում, բայց այն բացարձակ իրավունք չէ, պետք է ունենա սահմաններ, և այդ սահմանները պայմանավորված են համապատասխան համաչափությամբ, թե որքանով են դրանք համադրելի հանրային անվտանգությանը, բարոյականության նորմերին, այլ անձանց պատվին ու արժանապատվությանը:

«Երբ մեր նախաձեռնությունը քննադատում են, թե սա կարող է դառնալ ազատ խոսքի սահմանափակում, ինձ մնում է միայն մեկ հակադարձ հարց տալ՝ երբվանի՞ց խուլիգանական հայհոյանքը դարձավ ազատ խոսք: Վտանգ են տեսնում սրանում այն առումով, որ կարող է կոնկրետ քննադատողների նկատմամբ հետապնդում իրականացվի: Այստեղ էլ եմ ուզում հիասթափեցնել մեր հակառակորդներին, որովհետև Եվրոպական դատարանը իր ակտերով բազմիցս սրան անդրադարձել է: Թիվ մեկ արձանագրմամբ ասում է, որ քննադատությունը կարող է քրեականացվել: Երկրորդ՝ կարևորում է շատ քննադատություն և հանցավոր դրսևորում ունեցող վիրավորանք սահմանը, դրա համար էլ հստակ դրել է չափանիշներ: Եվ երրորդ՝ մենք այսօր հրապարակային այնքան անվիճելի վիրավորանքի խոսքի հետ գործ ունենք, որ մեր նույնիսկ ռեսուրսներն ու ժամանակը չեն հերիքի հասնել այն գծին, թե սա քննադատությո՞ւն է, թե՞ վիրավորանք»,- նշեց Դավթյանը:

  • Կիսվել: