շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔԿՀ-ներում աշխատավարձերը կբարձրանան

ՔԿՀ-ներում աշխատավարձերը կբարձրանան

Գործադիրը որոշում է ընդունել իր նախկին՝ 2014թ. հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» 712–Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողների վարձատրության բարձրացումն է:

Նախագծի ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատանքային և կենցաղային պայմանները, բարձրացնել նրանց աշխատանքի որակը՝ նպաստելով քրեակատարողական համակարգի կանոնադրական պարտավորությունների կատարմանը: Որոշումը տարածվում է 2020թ. հունվարի 1-ի դրությամբ գործող, ինչպես նաև հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ այս որոշումը և նման որոշումները մեր քաղաքականության համալիր բնույթի մասին են խոսում, որովհետև մենք ընդունում ենք «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին» օրենքը, և երբ այն ուժի մեջ մտնի, մեր իրավապահ համակարգը պետք է նոր թափով, նոր տեմպով և նոր որակով աշխատի այդ խնդրի վրա: Մյուս կողմից՝ քրեակատարողական ծառայողների աշխատավարձի բարձրացումը սրա շատ կարևոր բաղադրիչն է: Ես ուզում եմ նշել նաև երրորդ բաղադրիչը՝ քրեակատարողական հիմնարկներում սննդի կազմակերպան նոր կարգը, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, եթե նույնիսկ այդ տեղեկությունը մի քանի տոկոսով չափազանցված էլ լինի, հեղափոխական փոփոխություն է: Այսօր այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ սնունդը տրամադրվում է նոր կարգով, կալանավորների, դատապարտյալների մոտ 100 տոկոսն օգտվում է այդ ծառայություններից: Նախկին համակարգով շատ վատ իրավիճակ էր. պետության առաջարկած սնունդը քրեակատարողական ծառայություններում երևի օգտագործում էր 10, 20, լավ 30 տոկոսը, սովորաբար մոտավորապես այդպիսի պատկեր էինք ունենում: Իսկ հիմա այդ ցուցանիշը մոտենում է 100 տոկոսի, ինչը, իր հերթին, ուզում եմ ընդգծել, որ դատապարտված և կալանավորված անձանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթևացում է:

Հաջորդ հարցը, որի մասին ուզում եմ նշել՝ այսօր քրեակատարողական ծառայությունում մենք ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր: Պատճառը նաև այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկայնությունը՝ բարձր, և մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում այդ աշխատանքն իր գրավչությունը կորցնում է: Ըստ էության, այս որոշումը դե ֆակտո նշանակում է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նոր աշխատատեղեր ենք ստեղծում՝ ոչ թե դե յուրե - դե յուրե այդ աշխատատեղերը կան, այլ դե ֆակտո: Եվ մենք, մի կողմից, խոսում ենք պետական կառավարման համակարգի օպտիմալացման մասին, բայց, մյուս կողմից, բարձրացնում ենք պետական կառավարման համակարգի գրավչությունը և ընդհանրապես պետք է բարձրացնենք, այս ուղղությամբ պետք է մեր աշխատանքը շարունակենք: Այնպես որ, կարծում եմ՝ սա իսկապես շատ կարևոր որոշում է»:

Ի թիվս թեմային վերաբերող մի շարք այլ հարցադրումների, քննարկվել է նաև որոշումը կյանքի կոչելու նպատակով գերատեսչության բյուջեի հաշվին վերաբաշխումների իրականացման հարցը: Վարչապետը ևս մեկ անգամ նկատել է, որ պետք է պահպանվի հետևյալ սկզբունքը՝ որևէ ոլորտային խնդիր լուծելու համար պետք է նախ վերաբաշխում անել ոլորտում առկա գումարների հաշվին և ապա լրացուցիչ հատկացում անել այն դեպքում, երբ դրա կարիքը կլինի: «Այդ սկզբունքը պետք է պահվի բոլոր դեպքերում, ներառյալ՝ այս դեպքում: Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բյուջետային կարգապահության նոր որակի ենք հասել և պետք է այդ քայլերով շատ վստահ գնանք առաջ, որովհետև դա հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության կարևորագույն չափանիշ է, և մենք պետք է ձգտենք հնարավորինս արդյունավետ անել այս գործը», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: