ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔԿ նախագահի շնորհավորանքը Ոստիկանության օրվա առթիվ

ՔԿ նախագահի շնորհավորանքը Ոստիկանության օրվա առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, ոստիկանության ողջ անձնակազմին եւ համակարգի վետերաններին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առիթով:

Ոստիկանության աշխատանքը մշտապես գտնվում է հասարակության ուշադրության տեսադաշտում եւ համակարգի աշխատողի նկարագիրը, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունների կատարման ուղղությամբ դրսեւորած վարքագիծը ուղղակիորեն կապվում են երկրի ու պետության նկարագրի ու հեղինակության վերաբերյալ հանրային ընկալման հետ: Վերջին շրջանում ոստիկանության աշխատանքում նկատելի է դրական տեղաշարժ, ինչը հետեւանք է համակարգում իրականացված բարեփոխումների մի ամբողջական շղթայի, որի շարունակական ապահովումը, համոզված ենք, էլ ավելի է պատվաբեր դարձնելու ոստիկանի աշխատանքը եւ բարձրացնելու ոստիկանության հանդեպ հանրային վստահությունը:

Ոստիկանության աշխատակիցները միշտ եղել եւ մնում են քաղաքացու իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության առաջնագծում՝ իրենց սկզբունքայնությամբ եւ ծառայության հանդեպ բարեխիղճ վերաբերմունքով նպաստելով երկրում օրինականության հաստատմանը եւ իրավակարգի ամրապնդմանը: Այս պատասխանատու առաքելությունը Ոստիկանությունը տանում է պատվախնդրորեն՝ իր ծանրակշիռ ավանդը բերելով պետության իրավապահ համակարգի կայունությանը եւ պետականության հիմքերի ամրապնդմանը:

Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, իսկ համակարգի աշխատակիցներին՝ քաջառողջություն եւ ընտանեկան բարեկեցություն»։

  • Կիսվել: