հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել մի խումբ այլ անձանց ուղղությամբ, որի ընթացքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մեկ այլ տղամարդ հրազենային վիրավորումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1995 թվականին ծնված բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

2022 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 04։00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: