շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված երեք անձանցից երկուսն ազատ են արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրանցից Մարատ Ստեփանյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Ձերբակալվածները ազատ են արձակվել դատարանի որոշմամբ, որը փաստաբանների բողոքի քննությամբ ոչ իրավաչափ է ճանաչել նրանց ձերբակալությունները։

«Մեր բողոքն առնչվում էր ձեբակալության հիմքի եւ նպատակի հետ, քանի որ իմ պաշտպանյալն անձամբ կասկածը չի ընդունում»,- նշեց փաստաբանը։

2020թ․ մայիսի 24-ին Խ. Մ-ն, Մ. Ս-ն և Լ. Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն և Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ.-ին և Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի և Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն և Ա.Փ.-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

  • Կիսվել: