ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաղաքապետի մամուլի խոսնակն անդրադարձել է Ռուսլան Բաղդասարյանի հրապարակած փաստաթղթին

Քաղաքապետի մամուլի խոսնակն անդրադարձել է Ռուսլան Բաղդասարյանի հրապարակած փաստաթղթին

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նախօրեին երեկոյան քաղաքապետարանի գրագրությունից արտահոսած մի փաստաթուղթ է հրապարակել ցանցում, որը, իր կարծիքով «ապացուցում է», որ ոստիկանությունը քաղաքապետարանի միջոցով բաժին է կանչում կրթօջախների աշխատակիցներին՝ «նախընտրական բացատրական աշխատանքների» նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

՛՛Հանրությունից միլիոններ յուրացնելու քրգործով որպես մեղադրյալ անցնող այս անձի տարածած պարզունակ ապատեղեկատվությանը չէի անդրադառնա, եթե այն չվերարտադրվեր մի շարք (առնվազն՝ մեկ տասյնակ) հայտնի լրատվակայքերով:

Իրականությունը հետեւյալն է. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը Ոստիկանության Կենտրոնական բաժնից ս.թ. փետրվարի 17-ին (այսինքն, այն ժամանակ, երբ ընտրությունների մասին դեռ չէր հայտարարվել) գրություն է ստացել, որով քաղաքապետարանից խնդրել են ապահովել որոշակի կրթօջախների աշխատակիցների ներկայությունը ոստիկանության կենտրոնական բաժնում՝ ուշադրություն, փետրվարի 18-ին: Իսկ ոստիկանությունը նշված անձանց հրավիրում էր՝ ուսումնական հաստատություններում առկա չարաշահումների գործով քննության համար: Այդ քննության արդյունքում փետրվարի 22-ին քրեական գործ է հարուցվել:

Հ.Գ. news.am, tert.am, lurer.com, 168.am, shamshyan.com եւ մի քանի այլ կայքերի սիրելի գործընկերներ, պարզունակ ապատեղեկատվությունը Ձեր լսարանին մատուցելուց առաջ կարելի է մեկ-երկու գործողությամբ բացահայտել իրականությունը: Ես, համենայնդեպս, պատրաստ եմ Ձեզ այդ հարցում օգնել՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՛՛Ուրեմն մի քանի օր է, ինչ Երևանի գրեթե բոլոր կրթօջախների աշխատողներին՝ ուսուցիչներին, դաստիարակներին և ոչ միայն, կանչում են ոստիկանության բաժիններ ու մինչև գիշերվա 24:00 և նույնիսկ ավելի ուշ մարդկանց պահում են ինչ որ շինծու գործով:

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բացատրական աշխատանքներ» կրթական համակարգում աշխատող քաղաքացիների հետ:

Ստորև ներկայացված փաստաթղթում պարզ երևում է, որ քաղաքապետարանին հանձնարարվում է ոստիկանության կողմից ապահովել գրության մեջ նշված մարդկանց վերաբերվող փաստաթղթերը, իսկ նշված մարդկանց բանավոր կանչում են, 10-յակներով տեղավորում են ( լցնում են ) մի սենյակում ու այդպես նվաստացնելով՝ իբր թե քննություն են իրականացնում՛՛:

Նա հրապարակել էր հետևյալ փաստաթուղթը.

 

  • Կիսվել: