ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քաղաքացին 35 հազար դրամի դիմաց «D» կարգի վարորդական կեղծ վկայական է ձեռք բերել․ ՔԿ

Քաղաքացին 35 հազար դրամի դիմաց «D» կարգի վարորդական կեղծ վկայական է ձեռք բերել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և  վարութային գործողություններ՝ իրացնելու և այլ անձի կողմից օգտագործելու նպատակով իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ իրացնելուն օժանդակելու առերևույթ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի «D» կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ ձեռք բերելու և այն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու նպատակով, դիմել է իր ծանոթին: Վերջինիս պահանջով նրան վճարել է 35.000 ՀՀ դրամ գումար և վերոնշյալ դասընթացներին փաստացի չմասնակցելու պայմաններում վերջինիս օժանդակությամբ ձեռք է բերել Երևան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենի կողմից կեղծված և իրացված կեղծ վկայական՝ իր կողմից «D» կարգի ծրագրով դասընթացներ անցնելու և բավարար գնահատականներ ստանալու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-457-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների ընթացքում միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր քաղաքացիների անձնագրեր, նոթատետր, համակարգիչ և տպիչ սարքեր, կատարվել են հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում կասկածի շուրջ հարցաքննվել են վերոնշյալ երկու անձինք։ Առկա են տվյալներ այն մասին, որ բազմաթիվ այլ քաղաքացիներ նման հանցավոր եղանակով ձեռք են բերել վարորդական վկայականի կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման նմանատիպ այլ դեպքերը և դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու նպատակով։    

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: