չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Փոխնախարարը՝ ղեկավար պաշտոններում կանանց առաջխաղացմանը խոչընդոտող խնդիրների մասին

Փոխնախարարը՝ ղեկավար պաշտոններում կանանց առաջխաղացմանը խոչընդոտող խնդիրների մասին

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մասնակցել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի համագործակցությամբ կազմակերպված՝ Feminno. «Կանայք հայեցողական/նշանակված պաշտոններում» պանելային քննարկմանը, որին հրավիրվել էր որպես խոսնակ. այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել՝ ղեկավար պաշտոններում կանանց առաջխաղացմանը խոչընդոտող խնդիրներին և առաջարկվող լուծումներին, աջակցության անհրաժեշտ միջոցներին, կանանց՝ քաղաքական նախաձեռնություններում ակտիվացմանը:

Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկաների հետ կիսվել է իր անցած ճանապարհով և մասնագիտական փորձով, ներկայացրել պետության կողմից կանանց դերի բարձրացման համար ձեռնարկվող քայլերի իր տեսլականը, ինչպես նաև առաջնահերթությունները, որոնց առկայությունը պարտադիր է զարգացած հասարակություն ձևավորելու համար:

Հարությունյանը նշել է, որ Հայաստանում կանանց անհրաժեշտ չեն առավել իրավունքներ, կանանց անհրաժեշտ են հավասար իրավունքներ՝ իրենց կրթությանը և ներուժին համապատասխան Հայաստանի զարգացման գործում ներդրում ունենալու համար՝ նկատի ունենալով գիտականորեն ապացուցված այն փաստը, որ կանանց՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու հարցում, խրախուսող հասարակությունները առավել բարձր կրթական մակարդակ են ապահովում, առավել խաղաղասեր են և արդարացի, իսկ այն հասարակությունները, որտեղ գենդերային հավասարությունը դեռևս չհաղթահարված խնդիր է՝ առավել շատ են հակված ներքին կոնֆլիկտների:

Արմենուհի Հարությունյանը հույս է հայտնել, որ Կոնֆերանսը կնպաստի մեր երկրում կանանց դերի բարձրացմանն ու կընձեռի առավել լայն հնարավորություններ:

  • Կիսվել: