հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետությանը պատճառվել է 3 մլրդ դրամից ավելի վնաս. ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացահայտումը

Պետությանը պատճառվել է 3 մլրդ դրամից ավելի վնաս. ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացահայտումը

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության տնօրինությունը, հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն  իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում 2017 թ. օգոստոսին, աճուրդային հանձնաժողովի եզրակացությամբ, սեփականության իրավունքով ձեռք է բերել 5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ապա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2017 թ. օգոստոսի 16-ին նույն հողատարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրի երրորդ տեղամասում լեռնահատկացման ակտով տրամադրված 4,5 հա մակերեսով տարածքի հաշվեկշռային պաշարներն օգտագործելու՝ 4 տարի ժամկետի համար ստացել է ընդհանուր 105 հազար տոննա օգտակար հանածոյի պաշարների մարման ժամանակավոր տիրապետման ու օգտագործման իրավունք, իսկ 2017 թ. օգոստոսի 29-ին ընդերքօգտագործման պայմանագրով էլ՝ օգտակար հանածոյի արդյունահանման հատուկ թույլտվություն։

Նման պայմաններում ընկերության տնօրինությունը, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, հատուկ թույլտվությամբ իրեն փաստացի տրամադրված հանքավայրի տեղամասում 2017-2021 թթ. հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում արդյունահանած՝ փաստացի 11.589 խմ կամ 27 մլն 141 հազար 438 կգ օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր հաշվարկ-հաշվետություններում և հայտարարագրերում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել՝ դիտարկվող ժամանակահատվածում իբր 286 խմ կամ 672.100 կգ  օբսիդիանի պաշարների մարված քանակության վերաբերյալ և այդ կերպ խուսափել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 միլիարդ 427 մլն 754 հազար դրամի հարկային պարտավորություններից:

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:

  • Կիսվել: