ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետքարտուղարության զեկույց՝ Հայաստանում դատավորների շրջանում կոռուպցիան մտահոգիչ է (տեսանյութ)

Պետքարտուղարության զեկույց՝ Հայաստանում դատավորների շրջանում կոռուպցիան մտահոգիչ է (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին տարեկան իր զեկույցը, ուր անդրադարձավ այս ոլորտում 2019 թվականի զարգացումներին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին, ասված է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2019 թվականի Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրներ: Զեկույցն ընդգծում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նախկին և ներկա պաշտոնյանների խախտումները բացահայտելու ուղղությամբ:

Հայաստանն ունի շարունակական կոռուպցիան ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, նշված է զեկույցում: Գործող իշխանությունները կոռոպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն և միջոցներ են ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ: Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին կոռուպցիայի վերացման վերաբերյալ, տեղական փորձագիտական շրջանակներն ընդգծում են հակակոռուպցիոն պայքարի հետագա իստիտուցիոնալիզացման անհրաժեշտության մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ:

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում անկախ դատական համակարգի հետ կապված խնդիրների ու ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ: Դատական համակարգը զերծ է անկախությունից ու անաչառությունից, չի վայելում հանրային վստահություն: Զեկույցը հիշեցնում է տեղական հասարակական կազմակերպությունների մտահոգությունների մասին դատավորների վերահսկողության օբյեկտիվ չափանիշների բացակայության վերաբերյալ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի հարցում:

Պետքարտուղարության կարծիքով, ընդհանուր առմամբ գործող իշխանությունները հարգում են դատական համակարգի որոշումները, սակայն ըստ զեկույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հանրությանը հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին, որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ:

Զեկույցում մատնանշված խնդիրների շարքում է կանանց հանդեպ բռնությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների անարդյունավետ աշխատանքը: Զեկույցն ընդգծում է՝ կանանց նկատմամբ բռնությունները համատարած են, իսկ կանանց իրավունքների ու իրավահավասարության ոլորտի ակտիվիստները` դառնում ատելության խոսքի թիրախներ: Վերջիներս քննադատվում են ՛՛հայկական ավանդական ընտանիքի ՛՛ հիմքերը խարխլելու ու ՛՛արևմտյան արժեքներ՛՛ տարածելու համար:

  • Կիսվել: