հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է պարոն Բաբաջանյանին լավություն անեմ՝ ասելով, որ նրա տեղեկատուն մոլորեցնում է իրեն. Դավթյան

Պետք է պարոն Բաբաջանյանին լավություն անեմ՝ ասելով, որ նրա տեղեկատուն մոլորեցնում է իրեն. Դավթյան

Պետք է պարոն Բաբաջանյանին հիասթափեցնեմ, ավելի ճիշտ՝ լավություն անեմ պարոն Բաբաջանյանին՝ ասելով, որ նրա տեղեկատուն մոլորեցնում է իրեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Դատախազությանը՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հնչեցված մեղադրանքներին։

Նա, մասնավորապես, նշեց. «Կարծում եմ, որ վատ դրության մեջ է դնում ԱԺ պատգամավորին՝ այս ամբիոնի մոտ կանգնած, որովհետեւ հնչեցրած փաստարկումներն իրականությանը չէին համապատասխանում։ Ափսոսում եմ, որ պարոն Բաբաջանյանը դրանց վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություն ստանալու իր հնարավորությունը չի օգտագործել, միայն այս տարվա ընթացքում մի քանի անգամ ինձ մոտ անձնական ընդունելության ժամանակ կարող էր այդ հարցերն ինձ տալ եւ ունենալ դրանց պատասխանները եւ այսօր այս վիճակի մեջ չհայտնվեր» ։

Բացի այդ՝ Դավթյանը Արման Բաբաջանյանի բերած փաստարկներին հակափաստարկներ ներկայացրեց:

«Վահագն Հարությունյանի գործով վճռաբեկ բողոք է բերել Դատախազությունը, իսկ ձեզ փոխանցել են, որ Դատախազությունը վճռաբեկ բողոք չի բերել։ Ոչ ոք ավելի հետեւողական չի եղել Վահագն Հարությունյանի պատասխանատվության ենթարկելու հարցում, որքան Դատախազությունը։ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործը մեկ շաբաթ առաջ իմ կողմից հաստատված դրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ ձեզ ասում են՝ այդ գործը չի քննվում։

Արմեն Թավադյանի գործով դատախազությունը պարոն Ազարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, պարոն Բաբաջանյան։

Սամվել Մայրապետյանը փախուստի չի դիմել, նա Եվրոպական դատարանի որոշման ուժով գնացել է ՀՀ-ից՝ բուժման նպատակով։

Ռուբեն Հայրապետյանը ՀՀ-ն լքել է հետապնդման ենթարկվելուց ամիսներ առաջ, ինչ վերաբերում է հրապարակումներին, թե վերջինս շահագրգիռ է վերադառնալ Հայաստան, բայց համավարակի պատճառով չի կարողանում, ասեմ, որ առաջին իսկ վայրկյանից մենք կապ ենք հաստատել ՌԴ-ում գտնվող մեր դեսպանի հետ, որպեսզի առաջին իսկ թռիչքի հնարավորության դեպքում Հայրապետյանը հնարավորություն ունենա գալ Հայաստան, ինչպես նկատում եմ, Հայրապետյանի հրապարակումները իրականության հետ աղերս չունեն։

«Հարսնաքարի» դեպքով եղել եմ հսկող դատախազ եւ մեղադրանքը պաշտպանող դատախազ։ Տառի ճշտությամբ կարող եմ վստահեցնել, որ դատախազական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են այդ գործը բացահայտելու համար։ Տվյալ գործով 7 ամբաստանյալների, այդ հոդվածի համար առավելագույն պատիժներով պատասխանատվության հասնելը իր օբյեկտիվ գնահատականին կարժանանա։

Հաց բերողի գործով բազմիցս հնարավորություն ունեցել եմ անդրադառնալ, եւ ասեմ, որ գործը քննության փուլում է գտնվում»,-ասաց նա:

  • Կիսվել: