Պետք չէ փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր. ՆԳ նախարարը՝ ոստիկանապետի ազատման մասին
ՆԳՆ-ում իմ նշանակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են եղել: Կարծում եմ՝ կադրային փոփոխությունները շատ բնական են, որևէ արհեստական բան կադրային փոփոխությունների մեջ չկա: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է աշխատանքից ազատվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը:
«Կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնք տարիներ շարունակ կարող ենք մեկ այլ հայացքով նայել բնականորեն: Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակում է, որ կարիք կար ունենալու կադրային փոփոխություն, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին է՛լ ավելի թարմ աչքով նայելու, է՛լ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու և գնալու առաջ: Սա է բացառապես եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը: Պետք չէ փնտրել ինտրիգներ, պետք չէ փնտրել միջանձնային տարբեր հարցեր, պետք չէ փնտրել այլ հիմնավորումներ, որոնք կարող էին ձեր պատկերացմամբ լինել պաշտոնից ազատման հիմքում:
Ցանկացած անձ հավերժ չէ, որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ: Մի օր կարող է նշանակվել, հետագայում էլ կարող է ազատվել տվյալ պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն»,- ասաց նա:
Անդրադառնալով ոստիկանապետի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելու մասով մամուլում շրջանառվող տեղեկություններին՝ նախարարը հայտարարեց. «Վստահաբար տեղյակ եմ՝ մամուլում ինչպիսի տեղեկություններ, ինչպիսի հիմնավորումներ են շրջանառվում, դրանք չեն համապատասանում իրականությանը: Արդեն իսկ նշեցի, որ հիմնավորումը պայմանավորված է բացառապես պրոցեսներն է՛լ ավելի նոր եղանակով կազմակերպելու [հանգամանքով]:
Այս տրամաբանության մեջ եմ նաև առաջարկել վարչապետին նշանակել իմ տեղակալի, ոստիկանության պետի պաշտոնում արդեն նորանշանակ ոստիկանության պետին, որը եղել է համակարգի մաս, և որոշ ժամանակ հետո վերադառնում է համակարգ: Կարծում եմ՝ վերադարձը դեպի համակարգ ոստիկանոթյան բարեփոխումների ինտենսիվ իրականացման փուլում թույլ կտա հենց իմ նշած մոտեցումն իրականացնելու»,- ասաց նա:
Ին վերաբերում է նոր ոստիկանապետին աշխատանքային անձնակազմին ներկայացնելու միջոցառմանը, որից Արամ Հովհաննիսյանը բացակայում էր, նախարարը պարզաբանեց, որ միջոցառման մասով եղել է պատշաճ ծանուցում. «Մենք հրավիրել ենք պարոն Հովհաննիսյանին միջոցառմանը, բայց հարգելի պատճառով պարոն Հովհաննիսյանն իր փոխանցմամբ չի կարողացել մասնակցել դրան»:
Հիշեցնենք, որ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՆԳ նախարարին փորձություններով լի ժամանակահատվածում կարևոր պաշտոնը վստահելու համար։
Վարչապետի որոշման համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Արամ Ղազարյանը: