ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետական մարմինների հետ խնդիրների դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

Պետական մարմինների հետ խնդիրների դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը, հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի  (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ:

Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են առաջացրել նաև գործարարության համար: Այդ դժվարությունները կարող են առաջ գալ նաև այս օրերին պետական մարմինների աշխատանքի կազմակերպման արտակարգ ռեժիմով:

Գործարարների շահերի պաշտպանությունն ինչպես սովորական, այնպես էլ հատկապես արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություն է, և Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերը գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Ուստի, տեղեկացնում ենք գործարարներին, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում կարող են դիմել Պաշտպանի աջակցությանը։

Պաշտպանի աշխատակազմում գործում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժին, և հարցերի դեպքում գործարարները կարող են զանգահարել 116 կամ 096 - 116 -100 (ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար) հեռախոսահամարներով։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել էր արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, սակայն պետք է նկատի ունենալ, որ իրավունքների պաշտպանությունը պահանջում է համալիր մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի իրավունքների երաշխավորումը։ 

  • Կիսվել: