շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկության տիրապետողները այլ երկիր այցելելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին

Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկության տիրապետողները այլ երկիր այցելելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին

Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով:

Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Առաջարկվում է օրենքը վերնագրել «Պետական գաղտնիքի մասին»՝ դրանից հանելով ծառայողական գաղտնիքի վերաբերող կարգավորումները: Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»,-ասաց Հարությունյանը:

Նախագծով կանոնակարգվում են նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին վերաբերող հարաբերությունները՝ սահմանելով, որ այդպիսի տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:  Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները, տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները, գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրումը մերժելու հիմքերը, դրանց պաշտպանության բնագավառում կառավարության և պետական մարմինների լիազորությունների շրջանակը: Բացի այդ, ներկայացված նախագծի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Միաժամանակ վարչական պատասխանատվություն է  նախատեսվում՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

  • Կիսվել: